2014թ. մայիսի 23-ին, ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Բյուրեղավանի հիմնական և ավագ դպրոցներում տեղի ունեցան ավանդական Վերջին զանգի արարողություններ: Օրն իսկապես տոնական էր: Հուզված էին բոլորը՝ շրջանավարտները, մանկավարժները, ծնողները: Ավարտական հանդեսներն իրենց շնորհավորական խոսքերով բացեցին դպրոցների տնօրեններ Մերի Սարգսյանը և Կարինե Խաչիկյանը: Շրջանավարտներն օրվան պատրաստվել էին մեծ սիրով և պատասխանատվությամբ: Տոնական զարդարված բեմահարթակներից հնչեցին հրաժեշտի խոսքեր, երգ, պար, կատակ, երաժշտություն: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Նրանք իրենց հետ բերել էին քաղաքապետ Հակոբ Բալասյանի ողջույնները, դրամական աջակցությունը և շնորհավորական ուղերձը, որում ասվում էր. «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր կյանքի կարևորագույն իրադարձության՝ Վերջին զանգի կապակցությամբ: Անցյալում մնացին անհոգ մանկությունն ու պատանեկությունը, առջևում են՝ հասուն կյանքի տարիները: Վստահ եմ, որ ձեռք եք բերել այն անհրաժեշտ գիտելիքները, որոնց վրա կկառուցեք ձեր արժանապատիվ ապագան: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն և երազանքների իրականացում: Բարի երթ ձեզ»:
' />