Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան Բյուրեղավան համայնքում, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները` հիմնական և ավագ դպրոցները, արվեստի դպրոցը, պետական արհեստագործական ուսումնարանը, մանկապարտեզը, գրադարանը: Ամփոփիչ միջոցառումը ջահերով երթն էր, որին մասնակցում էր քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Նախաձեռնությունը Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցինն էր` դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանի գլխավորությամբ: Միջոցառմանը կազմակերպմանն ու անցկացմանը աջակցել էր Բյուրեղավանի քաղաքապետարանը: Երթը սկսվեց ավագ դպրոցից և եզրափակվեց քաղաքի հուշահամալիրում, որտեղ կեսօրից հնչում էր երաժշտությունը: Պատանի երկրապահները պայքարի ու արդարության խորհրդանիշ ջահերով, վառվող մոմերով, դրոշներով, <<ճանաչում և հատուցում>> վանկարկելով մոտեցան հուշահամալիրին, որտեղ արվեստի դպրոցի երգչախումբը կատարեց օրվա խորհրդին համահունչ խմբերգեր: Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն Համբարձումյանը կատարեց սրբադասման կարգ, հնչեցրեց Տերունական աղոթքը, հայտարարեց լռության րոպե: Արարողության մասնակիցները քաղաքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին` ի հիշատակ անմեղ զոհերի:
' />