Հոդված 108.
|
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը
|
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ կարող են առաջադրել կուսակցություններն իրենց համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանումների որոշմամբ, ինչպես նաև ընտրվելու իրավունք ունեցող անձինք` ինքնաառաջադրման կարգով այդ մասին ներկայացնելով դիմում:
Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձին:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ դիմումը, ներառում են համայնքի անվանումը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան ամսաթիվը.
3) հաշվառման վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև կարող են ներառել թեկնածուի՝ մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշմանը կամ ինքնաառաջադրման մասին դիմումին կից տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են`
1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը:
Մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ.
2) տեղեկանք` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով հաշվառված լինելու մասին.
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:
Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:
5. Գրանցման փաստաթղթերը ներկայացվում են միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
6. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:
Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:
Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:
Թիվ 28 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրն է` ք. Նոր-Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի վարչական շենք։