Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման միջազգային օր է հաստատվել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1992թ-ի դեկտեմբերի 22-ի որոշմամբ, որով կոչ է արվել բոլոր պետություններին այդ օրը նվիրել աղքատության վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներին:
Պատմականորեն այս օրը կապված է 1987թ-ի հոկտեմբերի 17-ի հետ, երբ ավելի քան հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին Փարիզի Տրոկադերո հրապարակում (որտեղ 1948թ-ին ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը)` հիշատակի տուրք տալու ծայրահեղ աղքատության, բռնության և սովի զոհերին: Հավաքվածները հայտարարեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և հաստատեցին միացյալ ուժերով այդ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Այդ օրը հրապարակում հանդիսավոր դրվեց Հիշատակի քարը, որի վրա կատարվեցին համապատասխան գրառումներ: