ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ամանորն այսօր տոնում են թե քրիստոնյաները, թե այլադավանները: Սա այն եզակի տոնն է, երբ բոլորն առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, երազանքներ պահում, միմյանց նվերներ մատուցում: Հնում տարբեր ժողովուրդներ այն տոնել են տարբեր ժամանակներում և տարբեր ավանդույթներով: Հին հայերն այն նշում էին Նավասարդի 1-ին` այսօրվա տոմարով օգոստոսի 11-ին: 18-րդ դարում Ամենայն Հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հայերն ընդունեցին հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ և Ամանորի տոն, որի անվանումը հին հայերեն "ամ"` տարի և "նոր" բառերից է կազմված: Հայաստանի տարբեր շրջաններում այն կոչել են տարբեր անուններով` Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, որ նշանակում է ամսագլուխ, այսինքն` յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Բացի այդ, Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, "նոր պտուղների ամենաբեր" համարվող աստվածն էր: Շատ ժողովուրդներ ավանդաբար ամանորյա տոներին տոնածառ են զարդարում. սա դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ տոնածառի գլխին դրվող աստղը` Բեթլեհեմյան աստղի: Տոնածառի խաղալիքները նախկինում բացառապես սնունդ է եղել` մրգեր, քաղցրավենիք, ընկույզ: Առաջին խաղալիքները պատրաստվել են 1848թ-ին Լաուշա բնակավայրում թափանցիկ կամ գունավոր ապակուց` ներսից պատված արճիճով: 1867թ-ին արճիճային մակերեսը փոխարինվեց արծաթե նիտրատի մակերեսով և այդպես "ծնվեց" տոնածառի այսօրվա գունդ-խաղալիքը: Իսկ ամանորյա նվերների ավանդույթը հիմնել են հին հռոմեացիները դեռևս մ.թ.ա. 153 թ-ին:
|