Ապրիլի 7-ը Հայաստանում Սուրբ աստվածածնի ավետման տոն կամ մայրության օրհնության օրն է: Պետականորեն տոնը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Այդ օրը Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրանալու բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի Աստծո օրհնությունը մտնի յուրաքանչյուր հայ ընտանիք:
Մարդկությանը հաղորդած մեծագույն ավետիսը քրիստոնյաները համարում են Սուրբ Մարիամին տրված երջանիկ լուրը` Աստծո որդու մարդեղենացման և փրկության ուղու բացման ավետումը: Ադամի ու Եվայի մեղքից հետո մարդկությունը զրկվեց Աստծո շնորհից և դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանության: Սակայն Աստված մեծ փրկություն էր ծրագրել: Ըստ ավետարանական գրությունների` Գաբրիել հրեշտակապետն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաքը` Մարիամ անունով կույսի մոտ, որը նշանված էր Հովսեփի հետ:
Հայտնվելով կույսին` Գաբրիելն ասում է` "Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է" և ապա ավետում, որ նա կոչված է դառնալու Մեսիայի մայրը. "... ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի ու Բարձրյալի որդի կկոչվի" (Ղուկաս 1:31-33): Այս իրողության հիշատակն էլ հավերժացրել է եկեղեցին` հաստատելով Աստվածամոր ավետման գեղեցիկ տոնը: