- Պարոն Բալասյան նախորդ տարի վերընտրվեցիք Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավար: Գյուղական համայնքների ենթակառուցվածքները ( Նուռնուս Ջրաբեր) ի՞նչ վիճակում էին և այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացրել :
- Համայնքների խոշորացումից հետո ավելացել են խնդիրները, մեծացել է պատասխանատվությունը, փոխվել են պահանջները: Տարիներ շարունակ բյուջեի սղության պատճառով գյուղերում չեն իրականացվել կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր: Բնակավայրերում չկային նախադպրոցական հաստատություններ, անմխիթար վիճակում էին գտնվում դաշտամիջյան ճանապարհները, կար փողոցների լուսավորության չլուծված խնդիր և այլն: Այս տարի մի քանի ծրագիր իրականացրեցինք. վերանորոգվեց և հարթեցվեց Նուռնուսի դաշտամիջյան ճանապարը, ասֆալտապատման և փոսալցման աշխատանքներ կատարվեցին Ջրաբերում՝ 1140քմ, Նուռնուսում՝ 900քմ, Բյուրեղավան քաղաքում ՝3100քմ:
Իմ աջակցությամբ սեպտեմբեր ամսին Նուռնուսի միջնակարգ դպրոցում անցկացվեց կոյուղու նոր համակարգ և լուծվեց դպրոցի ջրամատակարարման խնդիրը, որի անհրաժեշտությունը խիստ զգացվում էր «Տաք սնունդ» ծրագիրն իրականացնելու համար:
2.Գաղտիք չէ, որ փոքր գյուղական համայնքներում բյուջեն չի բավարարել խնդիրները լուծելուն: Ձեզ որպես փորձառու ղեկավարի ո՞րքանով է հաջողվում միասնական բյուջեյով լուծում տալ հրատապ հարցերի լուծմանը:
-Կարծես թե հարցերը դաձել են միասնական և կարևոր չէ, թե ո՞ր բնակավայրում է առկա խնդիրը: Տարանջատումների հասկացողություն ինձ մոտ չկա: Խնդիրը, եթե լուծում է պահանջում, պարտադիր մեր հնարավորության սահմաններում տրվում է լուծում: Անկախ նրանից, թե որ բնակվայրում ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել մինչև խոշորացումը:
3.Պարոն Բալասյան 2018 թվականի ընթացիկ տարում ի՞նչ ծրագրեր եք հասցրել իրականացրել ՝ մասնավորապես քաղաքի (Բյուրեղավան) պուրակի կառուցման հետ կապված:
- Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների հատման մասում մոտ 2800քմ տարածքի վրա կառուցվում է պուրակ: Բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են: Կառուցվել է շենքային մասը՝ տարեցների համար նախատեսված բաց և փակ զրուցարանը, հասարակական զուգարանը: Ճարտարապետական այլ ձևերը, ճեմուղիներն ու հուշաղբյուրը գտնվում են կառուցման գործընթացի մեջ: Տարածքը ցանկապատվել է, հարակից ճանապարհները բարեկարգվել և ասֆալտապատվել են: Հանգստյան գոտու կանաչապատումը և ծառատունկը նախատեսվում է հաջորդ տարի գարնանը: Արդեն տեղյակ եք, որ այս պահին շարունակվում է մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Վերակառուցման արդյունքում այն դառնալու է կենտրոն, որտեղ տեղափոխվելու են արվեստի դպրոցը, շախմատի դպրոցը և գրադարանը: Վստահ եմ, որ այս տարվա նոյեմբեր ամսին կավարտենք հիմանորոգման աշխատանքները: Այս երկու ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից, որոնք ընդգրկված են նպատակային սուբվենցիաների ցուցակում, մնում է ներկայացնել կառավարության հաստատմանը: Մշակույթի տան հիմնանորոգման համար նախատեսվել է ծախսել 113 մլն 577 հազար դրամ, որից 24 մլն՝ պետական բյուջեից, 89 մլն 589 հազար դրամը՝ համայնքի բյուջեից: 47 մլն 700 հազար դրամ նախատեսել ենք պուրակի կառուցման համար, որից 13 մլն 356 հազար դրամը՝ պետական բյուջեից, 34 մլն 344 հազար դրամը՝ համայնքի բյուջեից: Ի դեպ, առիթն օգտագործելով ցանկանում եմ նշել, որ 2018 թվականի հոկտեմբերի 15-ի N 55-Ա ավագանու նիստի որոշմամբ «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ը անվանակոչվել է ՀՀ ազգային հերոս, մեծ շանսոնյե ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անվամբ:
Երկու փոքրիկ, հետաքրքիր ծրագիր ենք իրականացնում Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում: Գյուղերում մանկապարտեզների խնդիր կա, իսկ այս ծրագրի շրջանակներում շուտով կգործեն Մոբիլ մանկապարտեզներ: Ծրագիրն իրականացվում է Եվրոմիության պատվիրակության համաֆինանսավորմամբ, Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ-ի կողմից: Այս մոդելը թույլ է տալիս մինչև 15 երեխայի նախադպրոցական կրթության ապահովում, 3-5 տարեկան երեխաների համար։ Մանկավարժը աշխատելու է «Մոբիլ մանկապարտեզի անձնագրում» ամրագրած մեթոդոլոգիայով, կիրառելով ինտերակտիվ ուսուցման մեթոդները և արդի մեդիա տեխնոլոգիաները: Բացումը նախատեսվում է առաջիկայում:
4. Ո՞րոնք են համայնքային նշանակության այն խնդիրները, որ դեռևս լուծում չեն գտել և դրա հետ կապված ներկայացրել եք մարզպետին և դիմել եք նոր կառավարությանը:
- Ինտենսիվ աշխատում ենք Կոտայքի մարզպետի հետ, ինչի արդյունքում փորձում ենք լուծել համայնքային խնդիրները: Առաջին հարցը, որ ներկայացրել եմ կառավարությանը՝ Բյուրեղավանի ամառանոցային թաղամասում գործող «ԱՌՈՂՋ ՍՈՒՆԿ» ընկերության կոմպոստի արտադրության արդյունքում առաջացած տհաճ հոտի հետ կապված, բնակչության մասսայական դժգոհությունն էր: Այն համատեղ քննարկեցինք և որոշում կայացվեց հարցը դնել ավագանու նիստին ինչի արդյունքում 2018 թվականի մայիսի 25-ի N 43-Ա որոշման համաձայն ուղերձ ենք հղել անձամբ ՀՀ վարչապետին: Իհարկե, այդտեղ մենք ունեցանք դրական տեղաշարժ: Գործարարը նոր ներդրումներ կատարեց, ավելացնելով ֆիլտրացիոն կրկնակի համակարգ, ինչի արդյունքում անհամեմատ նվազեց տհաճ հոտը: Որպեսզի բիզնեսը չտուժի ընկերությունը պարտավորվել է մինչև 2019 թ-ի մայիսը՝ հոտավետ արտադրությունը տեղափոխել բնակավայրից հեռու, մեկ այլ վայր:
Հաջորդ հարցը, որ քննարկվել է մարզպետի հետ՝ համայնքի բնակչության մասնակցությամբ, դեռևս լուծում չի ստացել: Խնդիրը հրատապ է: Բանն այն է, որ մեր քաղաքում գործում է երկու դպրոց՝ հիմնական և ավագ: Ավագ դպրոցը գնալով ավելի սակավաթիվ է դառնում: Դպրոց է հաճախում 270 աշակերտ, հարմարավետ է, ունի լավ պայմաններ: Նախատեսված է 800 սովորողի համար: Հիմնական դպրոցում պատկերը հակառակն է, գործում է գերծանրաբեռնված, նախատեսված է 450 աշակերտի համար, սակայն այս պահին հաճախում է 1040-ը: Թվով 12 դասարան երկրորդ հերթ է, որից 10-ը՝ տարրական դասարան: Ծնողների դժգոհությունն արդարացի է: Համատեղ քննարկվեց մի քանի տարբերակներ, որոնք չընդունվեցին ծնողների կողմից:
Ընթացիկ ծրագրեր դարձյալ քննարկել ենք: Շատ կարևոր էր համայնքային ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի շտապ օգնության հարցը: Նախկինում ծառայությունը սպասարկում էր մեկ մեքենա, շահագործման համար բավականին հնամաշ և ոչ պիտանի: Շնորհակալ եմ ՀՀ առողջապահության նախարարությանը, Կոտայքի մարզպետարանին, որ մեզ ընդառաջեցին: Սեպտեմբերին համայնքին հատկացվեց շտապ օգնության մեքենա, որը հագեցած է արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ, իհարկե, կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը:
5. Համայնքը գրավիչ դարձնելու համար ի՞նչ նոր ձեռքբերումներ եք արձանագրել :
-Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգման աշխատանքներ իրականացվել համայնքում: Ծառատունկ, կանաչ գոտիների, ժամանցի գոտիների ավելացում, պուրակի կառուցում, մշակութի տան հիմնանորոգում, նախադպրոցական կրթական հաստատությունների հիմնում՝ գյուղերում: Աղբահանության և սանմաքրման պատշաճ իրականացում: Վերելակային տնտեսության պահպանում, բազմաբնակարան շենքերի, մուտքերի վերանորոգում, խաղահրապարկների հիմնում և այլն: Տարբեր կրթական, մշակութային, մարզական ծրագրերի կազմակերպում… Փորձում ենք անել ամեն հնարավորինը, որպեսզի համայնքը պահենք զարգացման տեմպի մեջ:
6. Պարոն Բալասյան, ո՞րն է լինելու խոշորացված համայնքներում զարգացման տեսլականը և Ձեր առաջիկա ծրագրերն այն ուղղությամբ:
-Կազմվել է համայնքի հնգամյա ծրագիրը, որի բազայի վրա կառուցում ենք տարեկան պլանները, աշխատանքային ծրագրերը: Փորձում ենք հնարավորինս մասնակիցը լինել, գործընկերներ գտնել: Միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների միջև համատեղ, բազմաոլորտ ծրագրեր իրականացնել, այդ թվում նաև հասարակական կյանքին վերաբերող՝ տնտեսության զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ: Նշեմ, որ վերջերս համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում «Համայնքի տնտեսական զարգացման տեսլականի մշակում» թեմայով: Մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, փորձագետներ՝ Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունից (GIZ), համայնքապետարանի աշխատակազմից, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ձեռներեցներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Ընթացավ ծավալուն քննարկում: Ծրագրի հիմնական նպատակն էր օգնել խոշորացված համայնքներին մշակելու իրենց զարգացման տեսլականը և կատարել կոնկրետ գործողություններ՝ բարեփոխումներ և զարգացում ապահովելու համար: Այս պահին շարունակում ենք աշխատանքներ այդ ուղղությամբ:
|