Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
28/12/2016
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ. ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ՝ ԱՄՓՈՓ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 5-ԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Տարեմուտին ընդառաջ ամփոփելով անցնող 2016թ.-ը՝ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանն ի պատասխան «Գործընթաց» թերթի  հարցերի, անդրադարձավ տարվա նշանակալից ձեռնարկումներին, միջոցառումներին, որոնց թվում էր նաև նոյեմբերի 10-ին ՏԻՄ համակարգի ներդրման 20-ամյակի հոբելյանանշումը: Որպես Բյուրեղավան համայնքի վերընտիր քաղաքապետ Հակոբ Բալասյանը  տարիների փորձառությամբ, անշուշտ, իր ներդրումն է ունեցել այդ գործընթացում, ուստի հետաքրքիր էր նրա գնահատականը համակարգի կայացվածությանն այսօր: Ի պատասխան նա նշեց. «ՏԻՄ կազմավորմամբ ստեղծվեց նոր, ժողովրդավար պետական կառավարում: Այս համակարգը հնարավորություն տվեց համայնքի ազգաբնակչությանը մասնակցել  համայնքի խնդիրների լուծմանն  ու որոշումների կայացմանը և ավելի վճռորոշ ձայն ունենալ»: Նա ընդգծեց, որ ՏԻՄ-երի կազմավորմամբ համայնքներին տրված լիազորություններն ընդլայնվել են, մեծացել նաև պատասխանատվությունը որոշումների կայացման  հանդեպ: «Ճիշտ է, այսօր  համակարգը կատարյալ չէ, քանի որ կյանքը միշտ թելադրում է իրենը, իսկ  տարիները՝ շտկում բացթողումները: Ասեմ Ձեզ, որ այս 20 տարիների ընթացքում համակարգն առաջընթաց է ապրել, երբեք հետընթաց կամ տեղում չի դոփել»,-հավելեց նա, տեղեկացնելով, որ ՏԻՄ 20-ամյակին 12 բյուրեղավանցիների հանձնվել են շնորհակալագրեր, նվերներ:

Որպես զարգացման շարունակական գործընթացի արդյունք անցնող 2016թ.-ին Բյուրեղավանում իրականացվել են նախանշված աշխատանքներն ու միջոցառումները: Դրանց թվում քաղաքապետարանի միջոցներով բարեկարգվել են շենքերի բակերը:  Երկու փուլով իրականացվել են քաղաքի փողոցների փոսային նորոգումներ, ասֆալտապատումներ, որին համայնքի բյուջեից ուղղվել է 18 մլն 870 հազար դրամ: Քաղաքի փողոցների, բակերի գիշերային լուսավորության աշխատանքներն ամբողջովին ավարտին են հասցվել: Մի քանի  շենքերի բակերում տեղադրվել են հարմարավետ  զրուցարաններ, ամեն տարի վերանորոգվում են հին կարուսելները, տեղադրվում նորերը: Դեռևս նախորդ տարվանից համայնքում անսարք վերելակ չկա, բոլորը գործում են:

Համայնքապետարանի ֆինանսավորմամբ մանկապարտեզի տանիքում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ:  Տեղադրվել է 2 բաք՝ 300 լիտր տարողությամբ, անցկացվել են ջրի նոր խողովակներ, փոխվել են բոլոր լվացարանների ծորակներն ըստ պահանջվող չափորոշիչների:

Սոցիալական ոլորտում, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, անապահով ընտանիքներին հատկացվել է դրամական օգնություն: Համայնքի միջոցներով ուսանողական անվճար ավտոբուսից օգտվում է 80 ուսանող: 2016թ-ին քաղաքի «Հայրենադարձ» թաղամասում անցկացվել է ոռոգման ցանց, ծախսվել  է 1մլն դրամ:

2016թ-ի Բյուրեղավանում ՏԻՄ ընտրություններ կայացան. ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի, որի արդյունքում 2 թեկնածուից ձայների  մեծամասնությամբ վերընտրվեց գործող քաղաքապետ Հակոբ Բալասյանը, իսկ հոկտեմբերի 2-ին ավագանու ընտրություններ էին, 14 թեկնածուից ընտրվեց 11-ը, նրանցից մեկը՝ կին:  Ընտրությունները համայնքում անցել են ակտիվ, առանց խոչընդոտների:

Ընթացքի մեջ են համայնքի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները: Համայնքի բյուջեով հիմնանորոգվում է մշակույթի տունը: Նախատեսվում է համայնքի բյուջեից հատկացնել 20 մլն 555 հազար դրամ: Խոշոր ներդրում պահանջող մշակույթի տան հիմնանորոգումն իր փոքր միջոցներով, բայց ինքնուրույն համայնքը փորձում է փուլ առ փուլ կենսակոչել, քանզի մեծ է կամքը տեղական իշխանության՝ ի դեմս քաղաքապետ Հակոբ Բալասյանի խթանելու համայնքի մշակութային կյանքն ու ակտիվ, մշակութասեր, տաղանդաշատ երեխաներին: «Այս ուսումնական տարում 280 երեխա հաճախում է արվեստի դպրոց: Մեր դպրոցն այս տարի մասնակցեց ազգային նվագարանների համահայկական  առաջին մրցույթ-փառատոնին և գրավեց առաջին պատվավոր տեղը»,-հպարտանում է քաղաքապետը:

2016թ-ի Տյառնընդառաջը Բյուրեղավանի նորապսակների համար հիշարժան էր, քահանան օրհնեց  20 նորապսակի, որոնց նաև քաղաքապետարանից իբրև հուշ հանձնվեց Աստվածաշունչ: Մեծ շուքով նշվեց մայիսի 9-ը: Ողջ համայնքը մասնակցեց երթին, տոնական միջոցառմանը: Մեծարվեց քաղաքի միակ վետերան 97-ամյա Սոկրատ Գրիգորյանը: Մեծ միջոցառումներից էր նաև ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համաքաղաքային տոնակատարությունը մասնակցությամբ քաղաքի ստեղծագործող երիտասարդների, հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների: Բյուրեղավանն ունի Եվրոպայի փոխչեմպիոն սամբո ըմբշամարտ մարզաձևից քաղաքի մարզադպրոցի սան Աննա Մկրտչյանը, որը քաղաքապետարանի աջակցությամբ  գարնանը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում սամբո ըմբշամարտի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը ներկայացրեց Հայաստանըª իր քաշային կարգում գրավելով 2-րդ տեղը:

Ապրիլյան պատերազմին Բյուրեղավանը ևս սահմանին կռվող զինվորի հետ էր:  Համայնքի բնակչությունն արագ կազմակերպեց և սահմանամերձ զորամասեր ուղարկեց մեծաքանակ սննդամթերք, համապատասխան հաշվեհամարին փոխանցվեց գումար:

2016թ. վերջին համայնքներում ընթանում են զարգացման 5-ամյա ծրագրի կազմման աշխատանքներ: Հայտնի է, որ քառամյա զարգացման ծրագրերը հիմնականում կազմվել էին աջակից կազմակերպությունների հետ համատեղ ֆինանսավորմամբ: Այս առումով Բյուրեղավանն, ինչպես տեղեկացանք քաղաքապետ Հակոբ Բալասյանի հետ հարցազրույցում, քաղաքի զարգացման 5-ամյա ծրագիրը կազմել է ինքնուրույն առանց աջակիցների: Առաջնորդվել են նախարարությունից մարզպետարանների  միջոցով համայնքներին տրված մեթոդական փաթեթից. քաղաքապետը, համայնքապետարանի  աշխատակազմը՝  համայնքի ղեկավարին կից գործող «Բյուրեղավան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի» հետ համատեղ մշակել են համայնքի 2017-2021թթ. Զարգացման ծրագիրը, որը քննարկվել, հաստատվել է համայնքի ավագանու կողմից և դրվել գործողության մեջ:

Քաղաքապետը հարցազրույցի ավարտին նշեց, որ տարին ամփոփում են սեփական եկամուտների մասով բյուջեն կատարած, բոլոր նախատեսված ծրագրերն իրականացրած, այդ թվում՝ ֆինանսական,  մշակութային ծրագրերը:

Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով բյուրեղավանցիներին և համայն հայությանը՝ քաղաքապետ Հակոբ Բալասյանը մաղթեց, որ 2017թ. լինի խաղաղության, բարության և առատության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

«Գործընթաց» թերթ
«Գործընթաց» թերթ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner