ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
XIX դարի 80-ական թվականներին ամերիկյան բանվորները պահանջում էին բարելավել աշխատանքային պայմանները, բարձրացնել աշխատավարձը և որ գլխավորն է` հաստատել 8-ժամյա աշխատանքային օր: Չիկագո քաղաքում 1886թ. մայիսի 1-ին նշանակվեց ընդհանուր գործադուլ` ի պաշտպանություն այդ պահանջի: Գործադուլը շարունակվեց մի քանի օր: Այն վերջացավ ողբերգությամբ: Անհայտ մի սադրիչ բանվորներին հսկող ոստիկանների մեջ ռումբ պայթեցրեց, որին զոհ գնաց նրանցից մեկը: Ոստիկանները բանվորների վրա կրակ բացեցին: Մեծ թվով բանվորներ սպանվեցին և վիրավորվեցին: Գործադուլի կազմակերպիչները դատի տրվեցին: Դատարանը 5 հոգու մահվան դատապարտեց, իսկ 2 հոգու` ցմահ բանտարկության: ԱՄՆ-ում նրանց արդարացման համար շարժում սկսվեց, որը տարածվեց նաև Եվրոպայում: Ի վերջո, 1889թ-ին Փարիզում սոցիալիստների միջազգային կոնգրեսը որոշեց յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը նշել որպես 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջի օր: Հետագայում այն դարձավ աշխատավորների միջազգային համերաշխության օր: Առաջին անգամ այս օրը տոնվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և որոշ այլ երկրներում:
Երկար ժամանակ մայիսի մեկը հեղափոխության, դասակարգային պայքարի խորհրդանիշ էր:
Այսօր այս տոնը նշում են աշխարհի 66 երկրներ:
ՀՀ օրենսդրությամբ` ոչ աշխատանքային օր է:
|